«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» նոր օրենքը բխում է բացառապես այն մարդկանց շահերից, ովքեր գրանցված են «Երկրապահ» կամավորականների միությունում եւ չի վերաբերում ղարաբաղյան պատերազմի բոլոր կամավորներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ասուլիսում հայտարարել է «Փառապանծ մարտիկներ» ՀԿ նախագահ Գրիշա Սարգսյանը:

«Շնորհավորում ենք «Երկրապահ» կամավորականների միությանը եւ դրա ղեկավար Մանվել Գրիգորյանին` նրանց համար ընդունված հատուկ օրենքի կապակցությամբ: Սակայն օրենքը վերաբերում է միայն միությունում գրանցված կամավորների 20 տոկոսին»,-ընդգծել է Գրիշա Սարգսյանը: Քանի որ օրինագիծը դեռեւս 3-րդ ընթերցմամբ չի ընդունվել, նա կոչ արեց նախագահին եւ ԱԺ բոլոր պատգամավորներին փոփոխություններ մտցնել եւ շտկել թերությունները, մասնավորապես, «երկրապահ» բառը փոխարինել «ազատամարտիկ»-ով: «Առաջարկը պայմանավորված է նրանով, որ շատ մարտիկներ «Երկրապահ» միության անդամ չեն, սակայն հավասարաչափ են մասնակցել ազատամարտին: Դա կբխի բոլոր ազատամարտիկների շահերից, քանի որ ղարաբաղյան պատերազմի ավելի քան 40 հրամանատարներ, ինչպես նաեւ ՀԿ-ներ, դեմ են հանդես գալիս այդ օրինագծին»,-ընդգծել է Գրիշա Սարգսյանը, հավելելով, որ հենց «երկրապահ» բառն է էապես կրքերի բորբոքման պատճառ հանդիսացել:

«Փառապանծ մարտիկներ» ՀԿ-ն պնդում է, որ վերանայվի այս հարցի նկատմամբ մոտեցումն ու օրենքի ընդունումը, որը կվերաբերի բոլոր ազատամարտիկներին: «Բոլոր կամավորները կանգնած են եւ կկանգնեն Գերագույն հրամանատարի` նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: Մենք ակնկալում ենք, որ լիազոր մարմինները ուշադրություն կդարձնեն կամավորներին, եւ օրենքը կվերանայիվի»,-եզրափակել է Սարգսյանը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Երկրապահի» կամավորների կարգավիճակի մասին» օրենքը: Օրինագիծը հեղինակել են գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը եւ ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը: Օրենքի համաձայն` երկրապահի կամավորականներ են համավում այն մարդիկ, ովքեր մարտնչել են 1989-1994թթ առնվազն 3 տարի, ինչպես նաեւ այն մարդիկ, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ընթացքում եւ զոհաբերել են իրենց կյանքը` անկախ ժամկետից: