Վարորդները դժգոհում են, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամեն անգամ սիգարետ գնելիս 5 հազար դրամով տուգանվում են: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պատճառը Ճանապարհային երթեւեկության կանոնների փոփոխությունն է, ըստ որի խաչմերուկներում կանգառն արգելված է: «Դա խաչմերուկ է համարվում եւ այդպիսի բազմաթիվ խաչմերուկներ ունենք: Օրինակ, Հայրենիք կինոթատրոնի հրապարակը, Սախարովի հրապարակը, Թբիլիսյան պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկը: Հիմա մենք ասում ենք, ո՞ւմ են խանգարում, որ Սախարովի հրապարակի մեռած անկյուններում կանգնեն»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա ներկայացմամբ՝ ճանապարհային իրավախախտումների հետ կապված դատերի 70 տոկոսը շահում են, իսկ 30-ը՝ պարտվում: Դատական գործերը, նրա փոխանցմամբ, նվազել են, քանի որ դա մի արարողություն է, որ շատ ժամանակ եւ միջոցներ է պահանջում: «Ամեն անգամ պետք է գնաս դատարան՝ նախնական նիստ, դատաքննություն, դատավորը սեմինարի է, հետաձգվում է: Ամեն անգամ ո՞նց գնաս այդ 5 հազարի համար: Անգամ 10 հազարի համար են հրաժարվում, ասում են նախ գումար պետք է վճարեն, որ  կազմակերպության անդամ դառնան, մեզ մեքենայով 3 անգամ պետք է  դատարան տանեն  բերեն: Մեզ վճարներ պետք է  տան: Հետո էլ դատը կշահենք կամ չէ: Բայց մարդիկ կան, որ սկզբունքային են եւ պատրաստ են վճարել, որ արդար վճիռ կայացվի»,- մանրամասնեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կան գործեր, որ գիտեն, գնալու են պարտվեն, բայց գնում են, քանի որ եթե գումարները ուշացվում են եւ տուգանքերն ավելանում են, դատարանի վճռով կարողանում են մայր գումարը վճարել: «Վարորդին տուգանել են 30 հազար դրամ, սահմանված ժամկետում չի վճարել: Դիմում ենք դատարան մնում է  մայր գումարը: Բայց  օրինակ պարտվում ենք մի գործով, երբ դա նոնսենս է: Մենք ունենք դեպք, երբ ճանապարհը փոս է արած, չես կարող դրա վրայով գնալ: Բանվորները նշանն էլ դրել են, ասում են այսպես գնա: Վարորդն էլ նշանով հոծ գիծը տրորելով գնացել է, բայց դատավորը հաշվի չառնելով փոսը, ի վնաս վարորդի վճիռ է կայացրել»,- դժգոհեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am