Երեւանում, այսօր՝ հունիսի 21-ին, տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) «Շրջանավարտների տեղեկատուի» շնորհանդեսը:
Շնորհանդեսին հրավիրված էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ժան-Մուլեն Լիոնի 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Հայկական բարեգորական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճուղի նախագահ Ալեքսի Գովսիյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ:
Արթուր Բաղդասարյանը իր խոսքում նախ շնորհավորել է Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին, նրանց ծնողներին գեղեցիկ իրադարձության կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Ֆրանսիական համալսարանը 1000-ից ավելի շրջանավարտներ է տվել, որոնց 80 տոկոսը գտել է իր աշխատանքը, ապրում եւ արարում է հայրենիքում, եւս 10 տոկոսը շարունակում է իր ուսումը եւ ընդամենը 6 տոկոսն է, որ, այսօր, գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս` աշխատում է, կամ շարունակում է իր ուսումը: Ես կարծում եմ, որ շատ կարեւոր ձեռքբերում է մեր կրթական շուկայում եւ միջավայրում, երբ ԲՈՒՀ-ի շրջանավարտների 80 տոկոսը բարձր վարաձատրվող աշխատանք ունեն Հայաստանի Հանրապետությունում եւ, ընդհանրապես, ես համոզված եմ, որ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը մեր երկրի լավագույն ԲՈՒՀ-երից մեկն է, յուրօրինակ մի այցեքարտ է Հայաստանի համար, որովհետեւ այն բերում է մեր իրականություն նոր կրթական մշակույթ, նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ»:
ՀՖՀՀ-ի առաքելությունն է Հայաստանում տեղայնացնել բարձրագույն կրթության Եվրոպական ու Ֆրանսիական փորձառնությունը` միաժամանակ շնորհելով հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմներ: Համալսարանը նախաձեռնել է Հայաստանում նախադեպը չունեցող շրջանավարտների տեղեկատուի հրատարակությունը եւ հանրության ներկայացումը: Ինչպես դա ընդունված է արտասահմանյան լավագույն բուհերում. այս տեղեկատուն ներկայացնում է համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը եւ զբաղվածության ոլորտները:
Հայաստանում ֆրանսիական համալսարանը գործում է 2000 թ-ից: Ժան-Մուլեն Լիոն 3 եւ Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների հետ համագործակցության արդյունքում համալսարանի երեք` Կառավարման, Իրավաբանական եւ Մարքեթինգի ֆակուլտետները տվել են 1057 շրջանավարտ:



























