Հայ-վրացական սահմանին Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել եւ տուգանվել են ապօրինի ճանապարհով երկիր թանկարժեք զարդեր տեղափոխելու համար, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
«Հունիսի 20-ին «Սադախլո» անցակետով ոտքով Վրաստան է անցել ՀՀ քաղաքացի Բ.Ա.-ն, ուղեբեռը զննելիս նրա մոտ չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել՝ երեք զույգ քարերով ականջօղեր, մեկ ոսկե մատանի եւ 238 մանր ադամանդներ», - ասված է հաղորդագրությունում:
Եկամուտների ծառայության տվյալով՝ Բ.Ա.-ն հազար լարիով (մոտ 600 դոլար) տուգանվել է՝ 2,4 հազար լարին համարժեք (մոտ 1,5 հազ. դոլար) չհայտարարագրված զարդեր տեղափոխելու համար, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Երկրորդ քաղաքացուն ձերբակալել են մի քանի ժամ անց:
«Նույն այդ օրը «Սադախլո» անցակետով Հայաստանի կողմից անցել է Neoplan մակնիշի ավտոբուս՝ ՀՀ պետհամարանիշներով, որի վարորդը ՀՀ քաղաքացի Կ.Ա.-ն էր: Ստուգման ընթացքում հայտնաբերվել է չհայտարարագրված ապրանք. Երկու ոսկե մատանի՝ ադամանդներով, ընդհանուր քաշը՝ 18,66 գրամ», - նշված է հաղորդագրությունում: Ծառայության տվյալով՝ ապրանքն արժեր 1,2 հազար լարի (մոտ 730 դոլար):
ՀՀ քաղաքացի Կ.Ա.-ն եւս տուգանվել է հազար լարիով (մոտ 600 դոլար):




























