Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունիսի 21-ին այցելել է «Սպայկա» բեռնափոխադրող ընկերություն, որտեղ ծանոթացել է ծիրանի մթերման գործընթացին։ Նա շրջել է ընկերության սառնարաններում, ծանոթացել ծիրանի որակին, սառնարանների պայմաններին, ապա զրուցել լրագրողների հետ:

«Այս տարի մենք մթերել ենք 4500 տոննա ծիրան՝ ամբողջ հանրապետությունից, հիմնականում՝ Արարատի մարզից, որովհետեւ ծիրանն այնտեղ է առաջինը հասունանում, այնուհետեւ բարձրանում է Արագածոտնի մարզ, Աշտարակ, Թալին:  Այսինքն ծիրանի մթերման գործընթացը դեռեւս մեկուկես ամիս շարունակվելու է, եւ հուսով ենք, որ անցած տարվա թվերը կգերազանցի»,-հայտարարել է նախարարն ու հավելել, որ անցյալ տարի մթերվել է 12 700 տոննա ծիրան:

«Անցյալ տարի այս օրը մենք ընդհանուր արտահանել էինք 1200 տոննա ծիրան, իսկ այս տարի՝ 4500 տոննա, շատ մեծ տարբերություն կա», -ընդգծել է Կարապետյանը, հավելելով, որ անցյալ տարվա համեմատ գները  նույնն են: «Անցած տարի էլ սկսվեց 700 դրամից, հետո դանդաղ իջավ մինչեւ 500-600: Հիմա մթերվում է 400-500 դրամով: Գյուղացիները գոհ են, դժգոհ չեն»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Ինչ վերաբերում է մթերումների դիմաց գյուղացիներին ժամանակին վճարումների խնդրին, նախարարն ասել է հետեւյալը. «Մենք հորդորում ենք, որ գումարները ժամանակին տան, օրական իրենք մթերում են 300-500 տոննա պտուղ-բանջարեղեն, հնարավոր է, որ այսօր էլ իրենց գումարները պակաս լինեն: Պայմանավորվածություն են ձեռք բերում գյուղացու հետ, որ մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում կվճարեն, դա նորմալ երեւույթ է»: