Մոսկվայի արբիտրաժային դատարանը հոկտեմբերի 30-ին կվերսկսի Միջպետական բանկն ընդդեմ հայկական «Նաիրիտի» եւ դրա սեփականատեր Rhinoville Property Limited գործարանի հայցի նախնական լսումները:

Գործը հետաձգվել էր, քանի որ դատարանը տեղեկություն չուներ գործարանին հայցի մասին իրազեկելու վերաբերյալ: Հայցվոր կողմը 16,764 միլիոն դոլար պահանջում է որպես վարկից օգտվելու տոկոս եւ 8,419 միլիոն դոլար՝ որպես տուգանք, գրում է Bankir.ru-ն:

Լրատվամիջոցները հայտնել էին, որ 2006թ. բանկը 70 մլն դոլարի վարկային գիծ էր բացել Rhinoville Property Limited-ի համար: Միջպետական բանկը նաեւ եւս մեկ՝ 25,183 մլն դոլարի հայց է ներկայացրել «Նաիրիտի» դեմ, որը վարկի երաշխավորն է:

Դատարանը փետրվարին հետ էր ուղարկել բանկի հայցը՝ հիմնավորելով, որ  այն ներկայացվել էր իրավազորության կանոնների խախտմամբ, սակայն բողոքարկման արդյունքում այդ հիմնավորումը չէր հաստատվել:

Գիտաարտադրական «Նաիրիտ» միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորապրենային կաուչուկի արտադրության ոլորտում մենաշնորհ ուներ:  2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառվել էին բրիտանական Rhinoville Property Limited ընկերությանը: Մնացած 10% բաժնետոմսերը Հայաստանի կառավարության սեփականությունն են: 2010թ.-ից գործարանը չի գործում:

Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է լեհական Samex, ամերիկյան Intertex եւ ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից: