Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի՝ NEWS.am-ին հայտնած տեղեկությունների համաձայն, Վաշինգտոնում գտնվող հայ պատգամավորները փաստում են, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումների սկսելուց առաջ «տրամադրությունները դրական են, սակայն թուրք պատվիրակների թիվը բավականին մեծ է»։

Նրա խորին համոզմամբ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի այսօրվա քննարկումը վերաբերում է բացառապես թուրք-ամերիկյան հարաբերություններին, քանի որ վերջինիս կարծիքով Ամերիկան վաղուց ճանաչել է Ցեղասպանությունը։ Նման տեսակետ նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում՝ մեկնաբանելով այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման փաստը։

«Այդ երկրի 50 նահանգներից 42-ը վաղուց ճանաչել են պատմական իրողությունը, Ամերիկայի բազմաթիվ նախագահներ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ նույնիսկ Բարաք Օբաման՝ նախագահ դառնալուց առաջ, իրենց ելույթներում արտասանել են ցեղասպանություն բառը»,- նշեց Է. Շարմազանովը ավելացնելով, որ Ցեղասպանության՝ միջազգային հանրության կողմից ճանաչման հարցը ժամանակի խնդիր է։

Ամփոփելով՝ ՀՀԿ մամուլի քարտուղարը համոզմունք հայտնեց, որ «ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի ընդունման հավանականությունն այսօր բավականին մեծ է»։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։