«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արձակուրդ չի գնացել եւ լուրերը, թե նրանք երկու ամիս լռելու են, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ չգիտի, թե այդ ապատեղեկատվությունը որտեղից է հետեւողականորեն շրջանառվում մամուլում: «Չկա նման բան, խորհրդարանում այդ հարցը ուղղվեց նաեւ Գագիկ Ծառուկյանին, նա հստակ պատասխանեց, որ քաղաքական թիմում խոսելու արգելք չկա: Բոլոր քննարկումների ժամանակ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս իմ գործընկերները խոսել են, ասել են: Հայաստանի քաղաքական օրակարգում չի եղել հարց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն դիրքորոշում հայտնած չլինի, թե ում է ձեռնտու այս կարգի տեղեկություն շրջանառել, դա այլ հարց է»,- ասաց նա:
Խմբակցության քարտուղարը պարզաբանեց, որ ինքն անձամբ ասել էր, որ քանի որ առջեւում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստն է, այնուհետեւ մի քանի միջազգային վեհաժողովներ կան, ինքը որոշ ժամանակ ձեռնպահ կմնա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, բայց դա վերաբերել է իրեն եւ իր որոշմանը, դա բացարձակ չի վերաբերում կուսակցությանը:
«Խոսելն էլ ինքնանպատակ չպետք է լինի, մենք տեսանք, թե 4 օր ինչ ռեալիթի շոու կազմակերպեցին Վերահսկիչ պալատի քննարկումների ժամանակ: Իշխող թեւի պատգամավորների կողմից անգամ այնպիսի կոմսոմոլական, մանկապատանեկան հարցադրումներ էին հնչում, մտածում էի` ի վերջո, նման հարցադրումներ հնչեցնողները չեն հասկանում, որ ուղղակիորեն հատել են պրիմիտիվության սահմանը, թե պարզապես այդպես է պետք: Այսինքն` ինչին մասնակցեի, մասնակցեի մի պրոցեսին, որի հետեւանքներն ինձ համար կանխատեսելի են»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ եթե անգամ հիմա Վերահսկիչ պալատին տան օրինախախտներին գնդակահարելու լիազորություն, խնդիրը չի լուծվելու, «գանձագողության խնդիրը չի լուծվելու այնքան ժամանակ, մինչեւ երկրում չլինի քաղաքական կամք գանձագողների ձեռքը բռնելու»: «Մասնակցել մի քննարկման, որի ողջ ենթատեքստը մեկ հարց է` կա քաղաքական կամք, թե ոչ, ես ինքս միտումնավոր կերպով այդ քննարկումների ժամանակ ելույթ չեմ ունեցել, չնայած ասեմ շատ մեծ էր գայթակղությունը ելույթ ունենալու եւ մեկ հարցադրում ուղղելու ներկաներին, ինչը ես երեկ ասեցի, այս ամեն ինչը հիշեցնում է այն հայտնի անեկդոտը, բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցուց մոմը ո՞վ գողացավ»,- ասաց նա:
Հարցին, թե կարծիք կա, որ ԲՀԿ-ն ավելի զուսպ քաղաքականություն է վարում, քիչ է քննադատում, քանի որ աշնանը հնարավոր է կոալիցիա կազմի եւ պաշտոններ ստանա, նա պատասխանեց. «Ինչը մենք համարում ենք քննադատելի, քննադատում ենք, իսկ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժը չէ, որ հենց այնպես, ինքնանպատակ, ընդամենը քննադատելու համար գործի, եթե կա քննադատելու բան, կոնկրետ ասում ենք: Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում նման հարց չկա»:




























