Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ վերջինս հարցաքննվել է որպես վկա, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: Որպես վկա հարցաքննվել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը: Այս գործի վերաբերյալ այլ մանրամասներ Մերի Սարգսյանը չասաց` նշելով, որ ընթանում է նախաքննություն:
Նիկոլայ Աբրահամյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժության բաժանմունք, իսկ այնտեղից օրերս դուրս է գրվել:
Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանի առողջական վիճակին, ապա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց, որ նրա վիճակը դեպի լավն է գնում, զրուցում է, քայլում է, շփվում է միայն մտերիմ բարեկամների հետ: Բժիշկը նաեւ տեղեկացրեց, որ նա հնարավոր է հանգստյան օրերին դուրս գրվի:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























