Հայաստանի բնակիչներն սկսել են ավելի շատ վստահել ԱԻ նախարարությանը, ինչն արտահայտվում է  կանչերի թվի ավալեցմամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

Մասնավորապես, ընթացիկ տարում, նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են օձերի ի հայտ գալու մասին կանչերը: Այն կազմել է մոտ 30%. անցած տարվա  78 –ի դիմաց 104 կանչ:

ԱԻՆ-ում  բոլոր ուղղություններով են կանչերի ավելացում արձանագրում: Դա պայմանավորված է կառույցի աշխատանքի թափանցիկության բարձրացմամբ եւ 911 համակարգի ներդրմամբ:

«Օձերի խայթոցի կամ նրանց հայտնաբերման դեպքերի կտրուկ աճի մասին եզրակացությունները վաղաժամկետ են: Ներկայիս ռեժիմով վիճակագրությունը վերջերս է վարվում եւ հիմք չի տալիս նման պնդումների համար: Կարծում եմ, ավելի շուտ խոսքը ԱԻՆ-ի նկատմամբ բնակչության վստահության մասին է»,-նշեց Ա. Մովսիսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ փրկարարներն օձերի հետ վարվելու հատուկ պատրաստվածություն են ստացել, եւ հիմա յուրաքանչյուր հերթապահ փրկարար խմբում կան համապատասխան մասնագետներ: