ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության մեջ կասկածվող նույն կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանի մայրը մինչեւ հիմա որդուն չի տեսակցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Արմեն Մելքումյանի մայրը` տիկին Ալվարդը:

Նրա խոսքով՝ իր առողջականը գնալով վատանում է: «Էլ առողջություն կվերականգնվի՞, ոչ մի նորություն չունենք, չեմ տեսակցել: Ես ի վիճակի չեմ խոսելու, եկեք գյուղ իմ վիճակը տեսեք»,- նշեց Արմենի մայրը:

Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ կատարված սպանությունը պատահականություն է: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Արմեն Մելքումյանը կալանավորվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: