Լոռիում 43-ամյա Ռազմիկ Պ.-ն ձեռքերով եւ ոտքերով ծեծել է կնոջը, ապա ծխախոտի այրվող գլանակը հանգեցրել նրա ճակատին: Լոռիի մարզի ընդհանուր իրվաասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Ռազմիկ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վանաձոր քաղաքի իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գոհար Պ.-ի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին: Ապա` ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգեցրել է նրա ճակատին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հունիսի 20-ին:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























