42-այա  Նորի Մ.-ն, կնոջ աշխատավարձը չվճարելու շուրջ վիճաբանել, ապա կրակել է «Լիմ Լենդ» ընկերության սեփականատիրոջ` Սարգիս Ս-ի վրա: Ավան եւ Նոր-Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա  Նորի Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  կնոջը` Աննա Պ-ին աշխատանքի դիմաց չվարձատրելու հարցի շուրջ «Լիմ Լենդ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Ք-ի եւ նույն ընկերության հիմնադիր սեփականատեր Սարգիս Ս-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Նորքի 5 զանգվածում գտնվող խաղադաշտ, որտեղ խոսակցության ընթացքում միմյանց հասցեի տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում Գառնիկ Ք-ը գլխով 1 անգամ հարվածել է Նորիկ Մ-ի քթին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Դրանից հետո Նորին հանել է ապօրինի կերպով ձեռք բերած եւ տվյալ պահին գոտկատեղին կրած 9մմ տրամաչափի «Մակարով» /ПМ/ տեսակի ջնջված համարով ատրճանակը` 8 փամփուշտներով լիցքավորած, եւ կրակել Սարգիս Ս-ի ձախ ոտքի մակերեսին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ  235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: