Մարսելի «Լա Պրովանս» շրջանային օրաթերթում Լե-Պեն-Միրաբո քաղաքի եւ Ղարաբաղի շրջկենտրոն Մարտունիի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման մասին հոդված է հրապարակվել:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ «Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատվին, ում երկիրը 80-ականների վերջերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, պայքար է սկսել հանուն անկախության»:
«Այս հռչակագիրը խորհրդանշական արժեք ունի: Լեռնային Ղարաբաղն իր սեփական մշակույթն ունի եւ ձգտում է պետականության կերտման համար օրինական իրավունք ձեռք բերել: Մենք լիովին աջակցում ենք ինքնորոշման համար Ղարաբաղի շարժմանը: Այն հույս է ներշնչում եւ Մարտունու եւ Լեռնային Ղարաբաղի մշակույթների ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները բարյացակամորեն կընկալվեն Լե-Պեն-Միրաբոյում»,- հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միրաբո Միշել Ամիելը:
Նա Լե-Պեն-Միրաբո քաղաքի հուշամեդալով պարգեւատրել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին:
Հոդվածում նաեւ նշվում է, որ համաձայն ընդունված հռչակագրի՝ նախատեսվում է Լե-Պեն-Միրաբոյի եւ Մարտունիի միջեւ զանազան բնագավառներում համագործակցություն հաստատել: Միշել Ամիլն իր հերթին խոստացել է, որ 2014 թ. մարտին հերթական համայնքային ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում իր առաջին այցը նա կկատարի Լեռնային Ղարաբաղ:
Միջոցառման ավարտից հետո, Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել թերթին: Մասնավորապես, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման հեռանկարներին վերաբերող հարցին կարծիք է հայտնել, որ վաղ թե ուշ Արցախը կճանաչվի:
«Մենք կառուցում ենք ազատ հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ շուկայական տնտեսության վրա, նույնիսկ եթե մեկուսացումը չի հեշտացնում այս գործընթացը: Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն մնացած ամեն ինչի համեմատ, այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ կճանաչվեն՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջոցով, մեզ հույս է ներշնչում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ նախարարը:




























