Նախորդ  օրը ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը եւ հավելում.
«Ի դեպ, ԵԺԿ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա «Ուլիսեսով» ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում, 2014թ. մարտի 6-ին։

Սամիթի «հմայքը» ոչ միայն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ «Ժառանգությունը», այլեւ, որ ԵԺԿ-նպատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն իսկ աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա, ու, որպես մեծ սփյուռք ունեցող երկիր, այս դեպքում արդեն ՀՀԿ-ն կարող է նրա համար անփոխարինելի գործընկեր դառնալ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Լեհաստան այցին, ինչպես մեր թերթի հետ զրույցում նշել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իրենք վաղուց են այն նախապատրաստում եւ կարեւորում են. «Լեհաստանը, որպես արեւելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է Հայաստան-ԵՄ մերձեցմամբ...»։ Հիշեցնենք, որ Լեհաստանն օրինաչափորեն համարվում է ԱՊՀ երկրների եվրոպական կուրատորը եւ, որպես ինքնուրույն գործելաոճ ունեցող երկիր, միշտ էլ աչքի է  ընկել ասելիքի համարձակությամբ։

Դատելով հայաստանյան վերջին օրերի՝ ԵԺԿ-Վիեննա-Վարշավա այցերից, կարելի է ասել, որ լեհական համարձակությունը, Ադրբեջանին Ռուսաստանից մեկ միլիարդի զենք մատակարարելու ֆոնին, շահեկան է մեզ»,- գրում է «Հրապարակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):