Բիոզուգարանները լավ եւ աշխարհում օգտագործվող երեւույթ են, հիմնականում օգտագործվում են քաղաքներից դուրս, քանի որ քաղաքաներում անիմաստ է օգտագործել, առկա է կոյուղու համակարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ որեւէ դեպք չգիտի, որ բիոզուգարանները քաղաքներում օգտագործվեն, դրանք կարող են լինել հատուկ պահպանվող տարածքներում։ Բնապահպանը «քրքրել է ինտերնետը» եւ 1500 դոլարից թանկ բիոզուգարաններ չի գտել։ «Այսօր երկրի վիճակից ելնելով այդ գումարներն այդ ուղղությամբ ծախսելը աննպատակահարմար է»,- ասաց նա՝ շեշտելով, որ դրանք կարելի էր տարբեր տեղեր ծախսել, օրինակ՝ այդ գումարներով Հայաստանի գովազդն անել, ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի ոչ միայն սփյուռքահայերը գան այստեղ, այլեւ՝ օտարերկրացիները, գումարի մի մասն էլ ծախսել ճանապարհները մաքրելու վրա: «Պարզապես պետք է դադարեցնել ոչնչացնել Երեւանի պատմությունը, միջնադարյան հուշարձանների վրա ծառեր են աճել, կողքը ռեստորաններ են»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը նշեց, որ բիոզուգարանը փոքր էլեմենտ է կոռուպցիայի համատարած վիճակում։ «Ձեզ համար պետք է դա նորություն չլինի, սա կառավարությո՞ւն է, թե՞ ախպոր դուքան, ինչպե՞ս անցավ զուգարանների մրցույթը, որտե՞ղ է հրապարակված»,- նշեց նա՝ հիշելով պետության կողմից բազմաթիվ հասարակական կազմակերպություններից նույն անձին պատկանող եւ մեկ օրում հիմնադրված վեց կազմակերպությանը տրված 500 մլն դրամի սկանդալը, երբ այդ մրցույթի մասին ոչ ոք տեղյակ չէր։
Մյուս բանախոսն էլ՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը նշեց, որ բիոզուգարանները, անշուշտ, պետք են, սպասարկող օբյեկտներ միշտ էլ պետք են, բայց ինքը ֆինանսներով զբաղվող մարդ չի, ինչից հասկանում է, դրա մասին է խոսում։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























