Երեւանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը. tարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում, հաղորդում է «ԷկոԼուրը»

Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» եւ «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:

Այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած  Երեւանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ըստ այդմ պարզվել է, որ  ամենաաղտոտվածը Երեւանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաեւ մայրաքաղաքի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:

Երեւանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված եւ շահագործվող մանրախճի եւ ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են:  Բացասական դեր է խաղում նաեւ քաղաքային տրանսպորտը:

Երեւանի կիսաանապատային գոտում գտնվելու եւ կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:

Փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա բացասական է: Փոշու շատ փոքր հատիկները կարող են լինել քաղցկեղածին: