Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում սպանվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Ջեյմս Ուոթսոնը: Հատուկ գործակալի վրա է հարձակվել կողոպտիչը, իսկ Ուոթսոնը փորձել է դիմադրել:

Կոլումբիայի ոստիկանության փոխանցմամբ՝ Ուոթսոնը ճաշել է եղել քաղաքի հեղինակավոր շրջաններից մեկում, որից հետո նստել է տաքսի, որի վարորդը փորձել է կողոպտել իրեն: Ուոթսոնը դիմադրել է եւ դանակի 5 հարված ստացել: Երկրի իշխանությունները 26 հազար դոլար պարգեւ են խոստացել տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել ամերիկացի գործակալի սպանությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Ուոթսոնն աշխատել է DEA-ում Կարտահեն քաղաքում, իսկ Բոգոտա ուղարկվել է հատուկ հանձնարարությամբ:

ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը զբաղվում է թմրամիջոցների ներմուծման հակազդեցությամբ: Վարչության աշխատակիցներն աշխատում են ողջ աշխարհում, առավելապես կենտրոնանալով թմրամիջոցների արտադրությամբ զբաղվող երկրների վրա: