Թուրքիայում աշխատող որոշ օտարերկրյա դիվանագետների կանայք եւ կին դիվանագետներ իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել այդ երկրում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին:

Ի համերաշխություն բողոքի ակցիայի մասնակիցների, նրանք Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կազմակերպված ամենամյա ընդունելությանը ներկայացել են կարմիր հագուստներով: «Այսկերպ մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել բողոքի ակցիաներին մասնակցող մարդկանց»,- Hurriyet թերթին ասել են կանայք, որոնք խմբակային լուսանկարվել են բրիտանական դեսպանատան շենքի ֆոնին:

Hurriyet-ը նշում է, որ հագուստի գույնը Թուրքիայում բողոքի շարժման, ինչպես նաեւ ցուցարարների նխատմամբ անհամարժեք ուժի կիրառման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ միջազգային լրատվամիջոցներում հայտնվեց թուրք աղջկա լուսանկարը, որի դեմ ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործում: Աղջիկը կարկիր հագուստով էր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Չի հաղորդվում, թե կոնկրետ որ երկրների դիվանագետների կանայք եւ կի դիվանագետներն են կարմիր հագած իրենց աջակցությունն արտահայտել ցուցարարներին: Փոխարենը նշվում է, որ առաջին անգամ Բրիտանական դեսպանի ամենամյա ընդունելությանը ներկա չի եղել Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը: