Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից, դժգոհ է թե տուժող կողմը, թե մեղադրվող:

Այս «գործի պատմությունը» սկսվել է  2012թ հունվարի 18-ին, երբ Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ եւ 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նույն օրը կատարվածի մասին ամուսիններ`  51-ամյա Վլադիմիր Վանեսյանը եւ 53-ամյա Գայանե Մելքումյանը հայտարարություն են տվել ոստիկանության Բերդի բաժին եւ նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են Բերդ քաղաքում բնակվող Կորյուն Ալավերդյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Մասիս Խաչատրյանը:

Օրերս կայացրած վճռով Կ. Ալավերդյանը դատարանից ազատ է արձակվել, իսկ Մ. Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Մասիս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործում առկա ապացույցները բավարար չէին իր պաշտպանյալին ազատազրկման դատապարտելու համար: Նա նկատեց, որ եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է քրեադատավարական նորմերի խախտումների մասին, այդ թվում` հարցաքննվել են կեղծ վկաներ, անուն, ազգանունը ներկայացրել էր կեղծ, իսկ քննիչը չէր հավաստիացել: Ինչ վերաբերում է ապացույցներից մեկին` պաշտպանյալի տանը խուզարկության արդյունքում հայտնաբերված առյուծի գլխով մատանուն, ապա պաշտպանն ասաց, որ Մասիս Խաչատրյանի կինն ասել էր, որ այդ մատանին իրենցը չէր, չեն ունեցել նման մատանի: Նա նաեւ հերքեց տեղեկությունները, թե իր պաշտպանյալն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել:

Նրանք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան` բողոքարկելով դատարանի վճիռը, քանի որ համոզված են, որ բացարձակապես ապացույց չկար Մասիս Խաչատրյանին 4 տարի ազատազրկման դատապարտելու համար, համակողմանիությունը դատաքննության ընթացքում խախտվել է:

«Աստված տա վաղ թե ուշ այս հանցագործությունը բացահայտվի, տուժողին էլ ենք հասկանում, մարդը եթե տարիների ընթացքում հավաքել է այդքան գումար, իրեն զրկել է որոշակի բարեկեցությունից, միանգամից տարել են, բայց ի վերջո պետք է անմեղ մարդիկ չդատապարտվեն չէ՞»,- նշեց Մհեր Դավթյանը` շեշտելով, որ շատ ուրախ կլինեն, որ գան եւ էջ առ էջ ուսումնասիրեն, թե ինչ քննություն է կատարվել:

Իւսկ տուժող կողմը` 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը եւ 53-ամյա Գայանե Մելքումյանը, հունիսի 21-ին եկել էին Երեւան` Նախագահական նստավայրի մոտ ինքնահրկիզվելու, սակայն հետո մտափոխվեցին, որոշեցին նամակով դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նախագահին: