Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:30-ի սահմաններում Լոռիի մարզի Գոգավան գյուղի բնակիչ 37-ամյա Սամվել Օհանյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 32 SO 936 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 80 կմ հատվածում 10 մետր դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում:
Վթարի հետեւանքով վարորդ Ս. Օհանյանն ու ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 31-ամյա Սուրեն Սարգսյանը, 28-ամյա Արմինե Բաբուջյանը եւ 1 տարեկան Էլեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Է. Սարգսյանը, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղափոխվել է Երեւան: Քիչ առաջ 1-ամյա Էլեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























