«Աննախադեպ ծանր պայքարի արդյունք եղավ այս հաղթանակը: Միայն մեկ ձայնի առավելությամբ հայկական տեսակետը, այսինքն ցեղասպանության ճանաչման բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաղթահարեց արգելքը»,- ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից անմիջապես հետո նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսում ներկա հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ու հավելել. «Հիմա արդեն պետք է աշխատենք լիագումար նիստում այն անցկացնելու ուղղությամբ»:
«Շատ ակտիվ էր քննարկումը. Մոտ 30 կոնգրեսականներ ելույթ ունեցան: Ընդ որում, նույնիսկ բանաձեւին դեմ արտահայտվողները չէին ասում, որ ցեղասպանություն չի եղել: Բոլորն ընդունում էին, որ ցեղասպանությունն, իրոք, տեղի է ունեցել, սակայն մի մասն ասում է, որ հիմա ժամանակը չէ այն ընդունելու համար, մյուս մասն ասում էր, որ Թուրքիան բարեկամ երկիր է եւ նրան չի կարելի նեղացնել»,- ասել է Վ. Հովհաննիսյանն ու հավելել, որ դահլիճում ներկա է եղել բավականին մեծ թուրքական պատվիրակություն. առնվազն 8 պատգամավորներ իրենց օգնականների ու ռեֆերենտների հետ միասին, նաեւ լրագրողներ:
«Բայց մյուս կողմից Հայաստանն էլ առաջին անգամ պետական` ԱԺ-ի մակարդակով, պատվիրակություն էր ուղարկել այս լսումներին: Սա շատ մեծ ոգեւորություն էր առաջացրել առաջին հերթին ամերիկահայ համայնքի մեջ, որովհետեւ պարզ է դառնում, որ կան համազգային նշանակության հարցեր, որտեղ կուսակցական տարբերությունը դադարում է դեր խաղալ եւ այս միասնականությունն է, որ օգնեց մեզ հաղթելու»,- ընդգծել է դաշնակցական պատգամավորը:



















