Սիրիայի մայրաքաղաքի համար անցած կիրակին արյունոտ էր:
Ռուքն-էդ-Դին թաղամասի «Իբն Ալ Համիդ» համալիրի հարեւանությամբ պայթյուն է որոտացել, որի թիրախը ոստիկանական բաժանմունքն էր: Ըստ Սիրիայի ՆԳՆ-ի հաղորդագրության` ոստիկանական բաժանմունքի մուտք մոտ ինքնապայթեցվել երեք մահապարտ-ահաբեկիչներ: Մեկ ժամ անց եւս երեք ահաբեկիչներ փորձել են ներխուժել մայրաքաղաքի Բաբ Ալ Մուսալա թաղամասի քրեական անվտանգության կենտրոն: Սակայն պահապանները կարողացել են վնասազերծել նրանց եւ զինաթափել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել են հինգ մարդ եւ վիրավորվել ինը: Վնասվել են նաեւ շրջակա շենքերը:
Մեզե 86 թաղամասում պայթեցվել է նաեւ ականապատ մի մեքենա: Զոհվել է երեք մարդ, այդ թվում ` երեք տարեկան մի երեխա: Մի քանի քաղաքացիներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մայրաքաղաքի Քաբուն եւ Բարզե թաղամասերում միաժամանակ բանակային ստորաբաժանումները շարունակել են հանցախմբերի հետապնդումը` ոչնչացնելով եւ վիրավորելով նրանց անդամներից շատերին: Ոչնչացվել են խմբավորումներից մեկի առաջնորդ Հուսամ Աբդել Վահեդը եւ ահաբեկիչ Արֆան Շաքուրը: Վիրավորների թվում է Ադնան Վահուդը: «Աբբասիին» մարզադաշտի մերձակայքում ահաբեկիչները երեք ռումբ են պայթեցրել: Զոհվել է մեկ քաղաքացի եւ վիրավորվել յոթը:
Միաժամանակ կառավարական զորքերը շարունակում են գրոհայիններից Հալեպի ազատագրման «Հյուսիսային փոթորիկ» գործողությունը, որտեղ հայկական մեծ համայնք է ապրում: Ալ Լերմոն թաղամասում` Ալ Մուսուլմիա ավան տանող մայրուղում, «Ալ Բլակա» ռեստորանի մոտ զինծառայողները ոչնչացրել են ճանապարհները շրջափակող հանցախմբեր: Ար Ռաշիդին, Բուսթան Ալ Բաշա, Աս Սահուր թաղամասերում զինծառայողները մարտի են բռնվել գրոհայինների հետ` ոչնչացնելով նրանց մեծամասնությանը: Կառավարական զորքերին հաջողվել է արգելափակել Հալեպի արեւմտյան եւ հարավային մուտքերը:




























