Վերահսկիչ պալատի հաշվետվություններն առանձին հանգույցներում կարող են կոշտ դիտարկումների արդյունք դառնալ, այստեղ ռիսկային շատ գոտիներ է մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պետք է իր տեսակետը հայտնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա շեշտեց, որ այն գործերը, որոնք քննության արժանի կլինեն իրավական դաշտում, կներկայացվեն իրավապահներին։
«Մենք միշտ մտածում ենք, որ վերահսկող մարմիններ պետք է լինեն, եւ գնում ենք այդ ուղղությամբ։ Քննարկումները բավականին լուրջ հետեւանքներ կունենան ԱԺ–ում, մենք երբ ասում ենք լուրջ հետեւանքներ, հասկանում ենք ինչ–որ մեկին գլխատել եւ այլն»,- նշեց նա՝ հավելելով, որ ըստ էության որեւէ քաղաքական թիմ ամբողջական կարծիք չի ներկայացրել, քննարկումները շարունակվում են։
Գալուստ Սահակյանն ասաց, որ կառավարության կազմում հնարավոր պաշտոնանկություններ չի դիտարկվում, որովհետեւ չկա որեւէ քննարկում այդ ուղղությամբ։ Նա նաեւ հերքեց վարչապետի պաշտոնանկության մասին տեղեկությունները, ասելով նորանկախ Հայաստանի առաջին օրվանից ցանկացած վարչապետի դեպքում հնչում են նման խոսակցություններ։ «Պետւթյան նկատմամբ վերաբերմունքը թիմային խնդիրների առաջնորդությամբ չի կարող լուծվել, մենք չենք ուզում ընդհանուր դաշտը բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների, հանցագործը պետք է պատժվի, եթե կան մեղադրանքներ, ուրեմն կամ դրանք պետք է հերքվեն, կամ հաստատվեն, մենք այդ ճանապարհով ենք գնում»,- ասաց Գալուստ Սահակյանը։ Նա շեշտեց, որ իրենք եւ Կառավարությունը հետամուտ են լինելու, որպեսզի այն խնդիրները, որոնք կապված են չարաշահումների հետ, հետեւանք ունենան, քննարկումներ լինեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























