Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյանի տարածաշրջան ընկած հատվածում տարածքի մի շարք գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մյասնիկյանի գյուղապետ  Անդրանիկ Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի` Մյասնիկյան, Խանջյան, Հացիկ, Լուկաշին, մոտ 200 բնակիչներ փակել են ճանապարհը եւ բողոքում են ծիրանի մթերման գներից:

Գյուղապետի խոսքով` խնդիրն այն է, որ այս տարի ծիրանը, նախորդ տարվա համեմատ, երեք անգամ ավելի շատ է, մթերող կազմակերպությունները այն մթերում են 50 դրամով, իսկ արտահանողները արդեն չեն ցանկանում գնել ծիրան, քանի որ ինչքան անհրաժեշտ է, վերցրել են: Մյուս խնդիրն այն է, որ գործարանները, եթե նույնիսկ 50 դրամով մթերեն ծիրանը, ապա որոշ քանակությունից հետո այլեւս չեն վերցնի, կասեն տեղ չունեն: Այժմ բողոքի ակցիա անցկացնող արմավիրցների հետ զրուցելու է եկել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը: Նա զրուցում է գյուղացիների հետ եւ փորձում համաձայնության գալ: