ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Հունիսի 12-15-ին մասնակցել են Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած ռազմավարական ծրագրման եւ նախագծերի զարգացման դասընթացին:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին Եվրոպայում կուսակցական համակարգերի զարգացման դինամիկան եւ կուսակցական քաղաքականության հիմնական գործառույթներն ու խնդիրները:
Դոկտոր Ֆլորիան Հարթլեբը Բոննի համալսարանից եւ Քրիստոնյա-դեմոկրատական ուսանողների օղակի դաշնային նախագահ Էրիկ Բերթրամը զեկույցներ կարդացին եվրոպական կուսակցական դաշտի, ժողովրդական կուսակցությունների կառուցվածքի եւ արժեքների, ինչպես նաեւ կուսակցական երիտասարդական կազմակերպությունների դերի ու կառուցվածքի վերաբերյալ:
Դասընթացի գործնական մասում երիտասարդները ինտերակտիվ վարժությունների միջոցով ստացան քաղաքական ծրագրերի ռազմավարական պլանավորման ու զարգացման հմտություններ: Շորենա Լորթկիպանիձեն մասնակիցներին ուղղորդեց կուսակցական զարգացման նախագծերի պատրաստման հարցում:
Դասընթացի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան լսելու նախագահ Սահակաշվիլիի ելույթը նախագահական նստավայրում եւ տալ իրենց հուզող հարցերը տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:




























