Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի  նախագահությամբ, այսօր՝ հունիսի 24-ին շարունակվել է նախագահի նախկին թեկնածու, որպես «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը: Այսօրվա  նիստում ցուցմունք է տվել գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը, ով հայտարարել է, թե Հայրիկյանի դեմ մահափորձը ընդամենը Սեդրակյանից գումար շորթելու նպատակ է հետապնդել: Ըստ Հարությունյանի՝ 2011 թվականից վերանորոգման աշխատանքներ է կատրել Սեդրակյանի մոտ, եւ վերջինս մշտապես պակաս է վճարել՝ դեպքի պահին մոտ հինգ հազար դոլար պարտք լինելով:

Սամվել Հարությունյանը նշել է, թե գումարը ստանալու համար որոշել է «պուգաչ»-ով մահափորձ իրականացնել հայտնի անձի նկատմամբ, ապա Սեդրակյանից գումար շորթել: Նա նշել է, թե Հայրիկյանի փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը: Հարությունյանը նաեւ նշել է, թե Խաչիկ Պողոսյանին հայտնել է իր մտահղացման մասին, սակայն չի հայտնել, թե ում դեմ է լինելու հարձակումը:

Ամբաստանյալը ցուցմունք տալուց հետո հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքները, որոնք էականորեն հակասում են դատարանի դահլիճում արված հայտարարություններից: Իսկ նախաքննության ընթացքում Հարությունյանն ասել էր, թե Սեդրակյանը իրենց ցույց է տվել Հայրիկյանի լուսանկարը, հազար դոլար է տվել նրան վախեցնելու համար, եւս երեք հազար դոլար էլ ինքն է պարտք եղել նախկին թեկնածուին:

Նիստին ներկա էր նաեւ Պարույր Հայրիկյանը, ով հայտարարել է, թե իրեն սպանելու համար 100 հազար դոլար գումար է փոխանցվել: Նա միջնորդել է դատարան հրավիրել գումարը փոխանցած անձին եւ միջնորդին՝  Էդուարդ եւ Ալեքսանդր Աբրահամյաններին: Դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: