Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը քննարկվել է ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ։
Երեւանում, այսօր՝ հունիսի 24-ին, ԵԱՀԿ-ի աջակցությամբ մեկնարկած սեմինար-քննարկման թեմաներից են՝ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները եւ վերջին զարգացումները, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ուսանողների մասնակցությունը եւ կրթության որակի ապահովումը:
Երկօրյա սեմինարին, որ կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ, մասնակցում են ներկայացուցիչներ՝ համալսարանների կառավարման մարմիններից, ուսանողական կառույցներից, պետական եւ հասարակական կազմակերպություններից: «Կրթության եւ անվտանգության միջեւ գոյություն ունի ամուր կապ, քանի որ կրթությունը հիմք է հանդիսանում մարդու համար իրագործելու իր իրավունքը՝ լինելու տեղեկացված եւ ակտիվ քաղաքացի: Բարձրագույն կրթության հաստատությունները անսպառ աղբյուր են թե՛ այսօրվա եւ թե՛ վաղվա նորարարական առաջնորդների եւ գաղափարների համար», նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնը: «Քանի որ ԵԱՀԿ-ն խրախուսում է երիտասարդության մասնակցությունը, այսօրվա միջոցառման նպատակն է խթանել բարձրագույն կրթության համակարգը՝ դարձնելով այն ավելի ընդգրկուն, ավելի հաշվետու եւ պատասխանատու»:
Քննարկումը վարում էր ԵԱՀԿ գրասենյակի կողմից հրավիրված Մալթայի համալսարանից միջազգային փորձագետ Անժել Ատարդ Չեթկուտին, ով նաեւ կիսեց իր տեսակետները խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի տեսանկյունից:
«Այս համաժողովի անցկացման ժամանակը հատկապես կարեւոր է, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ներկայումս ստանձնել է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Բոլոնիայի հետագա աշխատանքների խմբի քարտուղարության նախագահությունը, դրանով իսկ կարեւորելով ազգային համադաշնեցումը Հայաստանում եւ Եվրոպայում բարձրագույն կրթության զարգացման ուղղությամբ», նշեց նա:
Ակնկալվում է, որ մասնակիցները հանդես կգան հետագա գործողությունների համար կոնկրետ առաջարկություններով ՝ բարձրացրած խնդիրները լուծելու նպատակով:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2010թ. ստորագրել են հուշագիր, որտեղ նախանշվել են համագործակցության ոլորտները, այդ թվում համալսարաններում թափանցիկության խթանումը՝ նպաստելու բարձրագույն կրթության որակի հետագա բարելավմանը:




























