Նախորդ շաբաթ Երեւանում քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 եւ 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝ 110 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին, ընդգծել է, որ ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները տեսնում են արագ եւ օպերատիվ լուծումներ իրենց կողմից բարձրացվող հարցերին.
«Մեր քաղաքացիների շրջանում դրական արձագանքն ակնհայտ է: Զգացվում է նաեւ բնակչության վստահությունը վարչական շրջանների եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ: Սա բնակիչների հետ հետադարձ կապն ամրապնդելու կարեւոր քայլ էր: Մենք պետք է շարունակենք աշխատանքն այն առավել արդյունավետ դարձնելու համար»,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:
Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին շարունակաբար ցուցաբերվող աջակցության վերաբերյալ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար-հունիսի ընթացքում տարատեսակ աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ցուցաբերվող աջակցությունը եւ մշտական ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի հետ կապված հարցերը:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հաջողությամբ մեկնարկել է «Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագիրը, որի շրջանակում պետական կառույցների ու նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճի տարածքում:




























