Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված մարդկանց մեծամասնությունը դատապարտվել են հանցագործությունների համար, որոնք գործել են բանակում: Այս մասին հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ցմահ ազատազրկվածների հետ աշխատող հոգեւոր գործիչ Գրիգոր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բանտարկյալների թվում կան մարդիկ, ովքեր բավականին զարգացած են ու ունեն ինտելեկտի բարձր մակարդակ եւ իրականում զղջում են իրենց արարքների համար: «Սակայն կան եւ այնպիսիք, որոնք բոլորովին չեն զղջում: Դատապարտյալների նպատակներն ու ձգտումները էապես տարբերվում են, հետեւաբար յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում է հարկավոր»,-նշել է նա, հավելելով, որ ցմահ ազատազրկվածների 10-20 տոկոսը այնպիսի հանցանք չեն գործել, որոնց համար պետք է նման պատիժ կրեն: Նան աեւ հավելել է, որ հանցագործություն կատարած անձանց պետք է հնարավորություն տալ զղջալու իրենց քայլերի համար եւ պատժավայրերում ընդլայնել հոգեբանական ծառայությունների ոլորտը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ հոգեբան Սամվել Խուդոյանը, ընդգծել է, որ ճիշտ կլինի փոխել տարիքը, որից սկսած կարելի է ցմահ ազատազրկման դատապարտել՝ այն հասցնելով 21-ի: «Հանցագործություն կատարած մարդկանց ավելի շատ բուժում է հարկավոր, քան պատիժ, քանի որ, եթե մարդը դաժան հանցագործություն է կատարել, ուրեմն նա հիվանդ է եւ պատասխանատու չէ դրա համար: Դատապարտյալների մոտ առաջանում է կյանքի անիմաստության զգացում, ինչը կարող է լուրջ հոգեկան խանգարումների եւ ինքնասպանության հանգեցնել»,-կարծում է հոգեբանը:
Մամուլի ասուլիսի երրորդ մասնակից «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանը եւս նշել է, որ տարիքը 18-ից պետք է հասցնել 21-ի: «Այսօրվա դրությամբ ունենք 102 ցմահ բանտարկյալ, որոնցից 2-ը հանցագործություն կատարելու պահին եղել են 18-20 տարեկան, նրանցից 1-ը ռազմական հանցագործություն է կատարել»,-նկատել է նա՝ ընդգծելով, որ կալանավայրերում պետք է ստեղծվեն խրախուսման միջոցներ, քանի որ ցմահ բանտարկվածները զրկված են սպորտային կամ մշակութային միջոցառումներին մասնակցելու բոլոր հնարավորություններից:




























