«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի  23.09.2011թ. 01/12-33138 Հ նամակի՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետեւ շենքը վթարային է եղել:

Քաղաքապետը նաեւ գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում է եւ դրված է նույն տեղում նախադպրոցական ուսումնական հաստատության նոր շենք կառուցելու հարցը: Կա մասնագիտական եզրակացություն եւ ճշգրտվում են շինարարության ժամկետները: Մանկապարտեզի երեխաների ծնողներին ասվել է, որ  փակելու պատճառը միջատներն ու առնետներն են:

Ա. Բախշյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում թիվ 1 մանկապարտեզն արդեն գոյություն չունի, որովհետեւ այն չի գործում: «Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետեւանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին»,-ասված է նամակում:

Անահիտ Բախշյանը քաղաքապետից խնդրել է իրեն տրամադրել բոլոր այն իրավական ակտերը եւ մասնագիտական եզրակացությունը, որոնց հիման վրա վերոնշյալ մանկապարտեզի շենքը ճանաչվել է  վթարային եւ դրվել է նույն տեղում նոր շենք կառուցելու հարցը, ինչպես նաեւ պարզաբանել, թե ճշգրտվել են արդյոք շինարարության ժամկետները: