Աբդուլլահ Օջալանի կոչով Թուրքիայից հեռանալ սկսած PKK-ի զինյալների հերթական խումբը մտել է Հյուսիսային Իրաք եւ հասել PKK-ի ճամբարներ։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ «Բավեր Դերսիմ» ծածկանունով քուրդ հրամանատարը Հյուսիսային Իրաքի Մեթինա ճամբարում լրագրողների հետ զրւոյցում նշել է, թե իրենք խոստացածի պես հեռանում են Թուրքիայից, սակայն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քրդական հարցի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր չի իրականացնում։ «Մենք սա որպես սպառնալիք չենք ասում, սակայն եթե գործընթացը տապալվի, այն իր հետ արհավիրք կբերի։ Թուրքիայում տեղի կունենան նախկին իրադարձություններին շատ անգամ գերազանցող բռնություններ»,-ասել է քուրդ զինյալը։

«Նուման»  ծածկանունով քուրդ զինյալն իր հերթին ավելացրել է, որ եթե գործընթացը տապալվի եւ պատերազմի որոշում կայացվի, իրենք արագ կվերադառնան Թուրքիա, թեկուզ տեւելու է 45 օր։

Նշենք, որ մարտի 21-ին, Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել էր Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանի ուղերձում PKK-ին կոչ էր արվել վայր դնել զենքերը, քանի որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը։