Հունիսի 21-ից մեկնարկել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների համալրման թեստավորման համար փաստաթղթերի ընդունման գործընթացը, որից հետո, հուլիսի 22-ից, կմեկնարկի բուն թեստավորումը:

Աղծառայության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դիմորդները, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն թեստավորումը, կստանան քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնելու հավաստագրեր, որոնց հիման վրա իրավունք կստանան մեկ տարվա ընթացքում դիմելու համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում, հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացը ենթարկվել է որոշ փոփոխությունների: Մասնավորապես` եթե նախկինում թեստավորման հարցաշարերը ձեւավորվում էին կոնկրետ երկու բնագավառից` ՀՀ Սահմանադրությունից եւ քաղաքացիական ծառայության օրենսդրությունից, հետայսու դրանք ձեւավորվում են ՀՀ ՔԾԽ-ի կողմից սահմանված հետեւյալ ոլորտներից.

• ՀՀ Սահմանադրություն

• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

• Հայերենի իմացություն

• Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի եւ իրադարձությունների իմացություն, համաշխարհային մշակույթի եւ հոգեւոր արժեքների ճանաչողական իմացություն

• Համակարգչային հմտությունների տեսական իմացություն:

Ըստ այդմ` այլեւս թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ոչ թե տրվում են հարցաշարերը` ճիշտ պատասխաններով, այլ միայն համապատասխան իրավական ակտերի եւ գրականության ցանկը, որոնք նաեւ հրապարակված են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքում: Հարցաշարերը ձեւավորվում են ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ հանրակրթական դպրոցի առարկայական ծրագրերի հիման վրա:

Այս փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի գործոնով:

Նախ` դիմորդները, նախկինում հանձնելով գործերը, ստանում էին հարցաշարերը` ճիշտ պատասխաններով: Իմացության նշաձողը, ըստ այդմ, հիմնականում դառնում էր դիմորդի անգիր անելու կարողությունը: Արդյունքում նրանց ավելի քան 80%-ը կարողանում էր հաղթահարել սահմանված շեմը: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավաստագիր ստացած քաղաքացիներից թափուր պաշտոն են զբաղեցնում հավաստագիր ունեցողների ընդամենը մոտ 18.1%-ը:

Երկրորդ` որն առավել էական է, թեստավորման նախկին բաղադրիչներով, այսինքն միայն ՀՀ Սահմանադրությունից եւ ՔԾՄ օրենքից իմացության ստուգումը հնարավոր չէր դարձնում բացահայտելու կրտսեր պաշտոնի հավակնորդի այն նվազագույն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կառավարման համակարգում աշխատանքային կարիերան սկսելու, պետական ծառայողի կարգավիճակ ստանալու համար: ՀՀ ՔԾԽ-ն կարեւորում է, որ քաղաքացիական ծառայողը իր գիտելիքներով, իր տեսակով եւ պահվածքով առանձնանա, լինի առաջադեմ արժեհամակարգի կրող, դրսեւորի երկրի, նրա պատմության, պետական լեզվի, այսօրվա գերակայությունների եւ զարգացման հեռանկարների բավարար իմացություն:

Կատարվող այս փոփոխություններով փորձ է արվում ներմուծել կարիերային համակարգի տարրեր` հաշվի առնելով, որ կրտսեր քաղաքացիական ծառայողը ապագա գլխավոր եւ բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողն է, որ պետք է ունենա նոր որակներ, հմտություններ, նոր արժեհամակարգ: