Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 24-ին մերժել է պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը՝ նախագահի նախկին թեկնածու, որպես «Էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին:
Սիրունյանն արձանագրել էր, թե չկա որեւէ ապացույց, որ Սեդրակյանը կապ ունի Պարույր Հայրիկյանի հետ կատարվածին: Ըստ Սիրունյանի, նախագահի նախկին թեկնածուն կալանավորված է անտեղի եւ պետք է խափանման միջոցը փոխվի: Նա միջնորդել է Սեդրակյանին ազատ արձակել գրավի դիմաց; Վարդան Սեդրակյանն իր խոսքում վստահեցրել է, թե չի թաքնվի արդարադատությունից: Նա հիշեցրել է, որ իրեն ձերբակալել են Սամվել Հարությունյանից եւ Խաչիկ Պողոսյանից հետո, եւ եթե թաքնվող լիներ, այդ ընթացքում փախուստի կդիմեր:
Սեդրակյանի պաշտպանի միջնորդությանը միացել է Պարույր Հայրիկյանը, ով միջնորդել էր ազատ արձակել մյուս երկու ամբաստանյալներին եւս: Միայն մեղադրող Արամ Ամիրզադյանն է դեմ արտահայտվել խափանման միջոցի փոփոխությանը, ինչից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը: Մոտ երեք ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:




























