Երեւանում, այսօր՝ հունիսի 24-ին, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ-ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք (ԱրմՌոսգոսռեզերվ) ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, որ «ԱրմՌոսգոսռեզերվը» կունենա տարածաշրջանային նշանակություն նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:
Հայ-ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով:
Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաեւ ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի եւ «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետ Սերգեյ Շահինյանի միջեւ:
Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը եւ Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:



























