Պռոշյանի գյուղապետի ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը մյուս 4 թեկնածուներին արժանի մրցակիցներ է համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մուրադյանը: «Բոլորին էլ ինձ մրցակիցներ եմ համարում, ինձ չեմ համարում մեջներից առավելը, բոլորն էլ ինձ համար մրցակիցներ են»,- նշեց նա:
Գյուղապետի թեկնածուն ասաց, որ երկար ժամանակ մտածում էր` առաջադրվի, թե ոչ, սպասում էր, եւ երբ ժամանակը եկավ, առաջադրվեց: Արթուր Մուրադյանի խոսքով` իր առաջադրման որոշումը կայացրել է ինքը, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: «Ես ինքս մեր գյուղի, համայնքի կողմից, ժողովրդի, ընկերներիս խնդրանքով առաջադրվել են, ասել են` ինչի չես դնում, համաձայնության եմ եկել եւ թեկնածությունս առաջադրել եմ»,- նշեց նա` հավելելով, որ դեռ չգիտի` ՀՀԿ-ն իրեն կսատարի, դեռ ոչ, դեռ չի քննարկել այդ հարցը:
Հարցին, թե չեք վախենում հասարակական կարծիքից եւ որ ձեզ կմեղադրեն դիակի վրայով գյուղապետ դառնալու մեջ, Արթուր Մուրադյանը պատասխանեց, որ «իրենք մարտական ընկերներ ենք եղել, բայց դա այլ բան է, կյանքը շարունակվում է, ինքը աշխատելու է, պայքարի մինչեւ վերջ, անձամբ ման գա, հետաքրքրվի եւ ինչով կարողանա, օգտակար լինի»: «Մեր համայնքում ոչ մի վախենալու բան չկա, ամեն օր իրար երես ենք տեսնում, այդ լուրերը տարածում են լրատվամիջոցները»,- ասաց նա` հավելելով, որ չգիտի, թե սպանված գյուղապետի ընտանիքը ինչի իրեն չի սատարում, եթե այդպես մարտական ընկերներ են եղել: Միեւնույն ժամանակ Արթուր Մուրադյանը շեշտեց, որ «երբեք չի կարող հաղթահարել իր ընկերոջ կորստի վիշտը, քանի որ այդ վիշտը իր համար ցավ է»:
Նա չի կարծում, թե Պռոշյանում լարվածություն կա, ավելին` կարծիք հայտնեց, որ մի քանի հոգի են այդ լարվածությունը ստեղծում, նույն մարդիկ են ասում նույն բաները, Պռոշյանում նման լարվածություն չկա: Գյուղապետի թեկնածուն մտավախություն չունի, որ իր ընտրության դեպքում կարող է բունտ առաջանալ, ինչպես պաշտոնակատարի նշանակման դեպքում էր, երբ նրան թույլ չէին տալիս մտնել գյուղապետարան: Նա նշեց, որ «ժողովուրդը կհարգի, կընտրի, չի հարգի, չի ընդունի, չի ընտրվի»: «Ես չեմ էլ պատկերացնում, որ կարող է իմ համար այդպես բունտ առաջանալ, դրանք մի քանի ընտանիքներն են` գյուղապետարանի աշխատողները» ,- ասաց նա:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել է 5 թեկնածու` անկուսակցական, ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետարանի համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով:


























