Եթե Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը գրանցվի, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանում հասկանում են, որ ժողովրդավարության եւ ազատությունների հարցում երկրի վարկանիշը վերջնականապես կընկնի, ուստի որոշել են գնալ նման քայլի: Այս մասին NEWS.am-ին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով ադրբեջանական իշխանամետ DADP կուսակցության կողմից երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Բաքվում հասկանում են, որ եթե երրորդ անգամ առաջադրվի Իլհամ Ալիեւի թեկնածությունը, անկախ նրանից, դա Սահմանադրությունը թույլ է տալիս, թե ոչ, ապա միջազգային հանրության կողմից Ադրբեջանը կհամարվի մերձավորարեւելյան բնույթի ավտորիտար երկիր: Չի բացառվում, որ ավելի ուշ ինքնաբացարկի որոշում կայացվի»,-նշեց քաղաքագետը:
Ս. Գրիգորյանի խոսքով` ներկայումս ադրբեջանական ընդդիմությունը լրջորեն պատրաստվում է ընտրություններին, բացի այդ միջազգային հանրութունը նույնպես ուշադիր հետեւում է երկրում նախընտրական իրադարձություններին, եւ իշխանությունները քայլեր են ձեռնարկում` իրենց գործողությունների ազատության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ադրբեջանական իշխանամետ DADP կուսակցությունն աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել էր առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը:




























