Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, ով այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
«Ծրագիրը բավական արդյունավետ է, եւ կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:
Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:
Միհրան Պողոսյանը կարեւորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի միջեւ վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման եւ արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի այլ երկրի համար:
Էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առեւտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային եւ վիզաների վարչությունիվ եւ Կենտրոնական դեպոզիտարիա:





























