Երեւանյան փողոցներով որոշ հայրենակիցների երթեւեկության ոճը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում վարորդների համար կողմնորշիչ էր հանդես գալիս ՊԱՏ մեքենայի ի հայտ գալը, ապա այսօր այդ գործառույթը «դրված է» տեսադիտարկման խցիկների վրա: Սակայն ի տարբերություն ավտոտեսուչների մեքենաների, տեսախցիկներն ամրացված են: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի փողոցները, հատկապես «խիտ» ժամերին, վեր են ածվում այնպիսի վայրերի, որտեղ երթեւեկության կանոնները գրեթե չեն գործում:

Ձգտելով հնարավորինս շուտ տեղ հասնել` վարորդները մոռանում են խաչմերուկներ չմտնելու կանոնի մասին, եթե այնտեղ կուտակում է: Արդյունքում լուրջ խցանումներ են առաջանում: Հատկապես դժվար է հետիոտնի համար, քանի որ շատ տեղերում անցումները վերգետնյա են, իսկ այդպիսի ժամերին փողոցն անցնելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար:

Հատկապես ցավալի է, որ երբեմն մոտակայքում հնարավոր է նկատել նաեւ ՃՈ  մեքենաներ, որոնք հաճախ անտեսում են իրավիճակը: Այնպես որ տեխնիկան` տեխնիկա, իսկ սովորական պարեկը իր գործն ունի: Միգուցե խնդրահարույց խաչմերուկներում հերթապահության սահմանումը երթեւեկությունն ավելի «կանոնավոր» կդարձնի, իսկ վարորդների վերաբերմունքը հետիոտնի, եւ ինչու չէ` միմյանց նկատմամբ, ավելի բարեկիրթ: