Դա էր պակաս, որ ինձ հարցաքննության կանչեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Աշոտ Գիզիրյանը՝ անդրադառնալով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական  պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործին:

Նրա խոսքով՝ իր ղեկավարության օրոք նման բան չէր կարող լինել: «Եթե եղած էլ լինի, ովքեր մեղավոր են, թող պատասխանատվության ենթարկվեն: Բայց դա ինձ չի վերաբերում»,- նշեց Աշոտ Գիզիրյանը:

Հարցին, թե իր հետ այս գործով խոսել կամ հարցաքննության հրավիրե՞լ են, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ: Դա էր պակաս: Ի՞նչ եմ արել, որ հարցաքննության կանչեն: Նման բան հնարավոր չի, որ Գիզիրյան Աշոտի հետ ինչ-որ մի չարաշահում կապված լինի»,- նշեց Շիրակի նախկին մարզպետը:

Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել: «Իմ ղեկավարության օրոք ամեն ինչ նորմալ է եղել: Թող քննությունը պարզի՝ ովքեր են չարաշահումներ իրականացրել»,- սահմանափակվեց նախկին մարզպետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաեւ նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն: