Սարդարապատ գյուղի դպրոցից 30-ամյա երիտասարդը ընկերների հետ աղջիկ է փախցրել եւ կանգնել դատարանի առջեւ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Ռ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով համագյուղացիներ 41-ամյա Ա. Սարգսյանի եւ 21-ամյա Ն. Ենոքյանի հետ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ, Ս. Ս.-ի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով եւ հաղթահարելով վերջինիս դիմադրությունը նրան նստեցրել է Ա. Սարգսյանի «Մերսեդես 300 ՏE» մակնիշի ավտոմեքենան եւ փախցրել:
Աղջկան բացահայտ առեւանգելով տեղափոխել են Արմավիրի մարզի Արաքս գյուղ եւ նրա կամքին հակառակ պահել այնտեղ: Ըստ այդմ, տղաները մեղադրվում է ՀՀ քր.օրի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (մարդուն առեւանգելը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:
Հուլիսի 3-ին նշանակվել է առաջին դատական քննության օրը:




























