Ընդդիմադիր Տիգրան Առաքելյանի գործով դատական գործընթացն ավարտված չէ, եւ Նախարարների կոմիտեն չի կարող մեկնաբանել այդ հարցը: Այս մասին հայտարարեց Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ԱԺ պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի հարցին:
Նշենք, որ Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվել է, թե Հայաստանը ԵԽ-ում իր նախագահության ընթացքում ինչպես է առաջ մղելու ժողովրդավարությունն ու պաշտպանելու մարդու իրավունքները, եթե չի հաջողվել հետաքննել մարտի 1-ի իրադարձությունները, ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ ընդունել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կլուծեր քվեարկության ընթացքում խնդիրները:
«Ավելին, կարծում եմ, որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի դատաքննությանը: Ես միայն կարող եմ Վեհաժողովին հայտնել, որ մայիսի 8 –ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը քննել է գործը եւ մասնակի վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանը որոշել է նաեւ գործը վերադարձնել լրացուցիչ քննության»,-ասել է Նալբանդյանը:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9 –ին ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախումենր էին տեղի ունեցել: Ակտիվիստներից յոթի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար: Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ամենածանր պատիժը` 6 տարվա ազատազրկում, ստացել էր Տիգրան Առաքելյանը:




























