Վլադիվոստոկի երկու բնակիչներ՝ Դմիտրի Պերմինովն ու Վյաչեսլավ Ուտրոբինը, դատապարտվել են 8 եւ 10 տարվա ազատազրկման՝ «ոչ ռուսների» դեմ ահաբեկչություն նախապատրաստելու համար: Նրանք պատիժը կկրեն խստացված ռեժիմի գաղութում:
Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել ահաբեկչական ակտ նախապատրաստելու, խուլիգանության եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ: Քննության տվյալներով՝ Պերմինովն ու Ուտրոբինը «ոչ ռուսների» հանդեպ ազգային ատելությունից դրդված պատրաստվում էին պայթեցնել Դաշնային միգրացիոն ծառայության Վլադիվոստոկի վարչությունը:
Ամբաստանյալները մտադիր էին պայթուցիկ սարք դնել ծառայության շենքում, որտեղ սովորաբար հավաքվում են ներգաղթյալ բանվորները: Այդ շրջանում է գտնվում նաեւ մարզադաշտը:
Ամբաստանյալներից մեկը հասցրել էր անգամ մեկ կգ տրոտիլ եւ էլեկտրոդետոնատոր ձեռք բերել:
Հանցագործությունը հնարավոր է եղել կանխել ԱԴԾ աշխատակիցների գործողությունների շնորհիվ:
























