«Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի բաժնետոմսերի 85,6 տոկոսի սեփականատերերը եղել են Ռոբերտ Հարությունյանը և Գոռ Դավթյանը, որոնց է պատկանել մի փոքր տարածք Բջնի գյուղում: Կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը կխլեն` 2008թ-ի հոկտեմբերի 2-ին Ռ. Հարությունյանից և Գոռ Դավթյանից առուվաճառքի պայմանագրով գնվել է նշված բաժնետոմսերը` Սարիբեկ Սուքիասյանի կնոջ` Ասպրամ Տոնոյանի անունով: Հիշեցնենք, որ «Բջնի» գործարանն իսկապես, ինչ-ինչ ճանապարհներով խլվել է Սուքիասյանների ընտանիքից:

Նշված պայմանագրի 9-րդ կետով Ռոբերտը և Գոռը հավաստել են, որ Ընկերության այլ բաժնետերերի, ինչպես նաև Ընկերության նկատմամբ պահպանվել է նախապատվության կիրառման օրենքով սահմանված բոլոր գործառույթները, սակայն բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո այդ Ընկերությունում 9% բաժնետոմսեր ունեցող ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին, այն պատճառաբանությամբ, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը (այսինքն նախքան վաճառքը բաժնետոմսերը իրեն չեն առաջարկել):

2009-ի մայիսի 15-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Վճռի հետագա բողոքարկումները որևէ արդյունք չեն տվել, սակայն Գոռը և Ռոբերտը պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել` այս անգամ խոստանալով պահպանել օրենքի պահանջները: Այդ կապակցությամբ 2009-ի մայիսի 22-ին բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել Ռոբերտ Հարությունյանի, Գոռ Դավթյանի և Ասպրամ Տոնոյանի միջև (նոտարական կարգով):

2010-ի հունվարի 10-ին Գոռն ու Ռոբերտը գրավոր առաջարկներ են ուղարկել Ընկերության բաժնետերերին` որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները: Փոքր բաժնետերերից մեկը, ով հանդիսացել է Գոռի եւ Ռոբերտի նախկին աշխատակիցը (հաշվապահը), գրավոր ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը:

Դրանից հետո, այդ նույն փոքր բաժնետերն իր բաժնետոմսերը նվիրել է գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ով հանդես գալով որպես նրա իրավահաջորդ, 2010-ի փետրվարի 11-ին Գոռին և Ռոբերտին թղթեր է ստորագրել տվել, որ ցանկանում է գնել այդ բաժնետոմսերը: Դրա հաջորդ օրը Գոռ Դավթյանը փաստաբան Արա Զոհրաբյանից խնդրել է հանդիպում կազմակերպել Սարիբեկ Սուքիասյանի հետ, պատճառաբանելով, որ իր նկատմամբ Ռ.Հայրապետյանը և նրա մարդիկ ճնշումներ են գործադրում, ընդհուպ արգելանքներ են դրել կազմակերպությունների դրամական միջոցների վրա:

Հանդիպման ժամանակ որոշվել է նամակ գրել Ռուբեն Հայրապետյանին` հաղորդելով, որ բաժնետոմսերի վաճառքի առաջարկը չի ուղղվել Ռ.Հայրապետյանին, հետևաբար նա իրավասու չէ այդ գործարքը կատարել: Փաստաբան Արա Զոհրաբյանը` Գոռ Դավթյանի խնդրանքով, կազմել է այդ նամակները, որը վերջինս ստորագրել է:

Սակայն երբ այդ գործնական հանդիպման ավարտից հետո Գոռ Դավթյանը դուրս է եկել Ս.Սուքիասյանի գրասենյակի շենքից, բակում ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել: Այնուհետեւ ոստիկանության այլ բազմաթիվ աշխատակիցներ ներխուժել են Սուքիասյանի գրասենյակը և ավերածություններ անելով, բերման ենթարկել Ս.Սուքիասյանին, իսկ հարակից շենքից նաև Ա.Ստեփանյանին:

Սարիբեկ Սուքիասյանը և Արտաշես Ստեփանյանը ձերբակալել են, իսկ այնուհետև նրանց նույնիսկ մեղադրանք է առաջադրվել: Այս բոլոր գործողությունների արդյունքում, փետրվարի 22-ին, այսինքն Ս.Սուքիասյանի և Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց ընդամենը 10 օր անց, Ռուբեն Հայրապետյանը Գոռ Դավթյանից և Ռոբերտ Հարությունյանից գնել է (համենայնդեպս նրանց հետ կնքել է պայմանագիր) այդ պահին նրանց պատկանող բաժնետոմսերը՝ դառնալով Ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր:

Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են: