Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ «ռազմավարական հարաբերությունները»:
Վրաստանի վարչապետը երկու երկրների միջեւ հարաբերությունների ճգնաժամից հետո դարձել է Երուսաղեմ այցելած վրացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Հարաբերությունների սրման պատճառը 2010թ. Վրաստանում իսրայելցի երկու գործարարների ձերբակալությունն էր, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Պերեսն Իվանիշվիլիին ասել է. «Դուք հրեա ժողովրդի իսկական բարեկամն եք»: Իվանիշվիլին, խոստովանելով Իսրայելի եւ հրեա ժողովրդի նկատմամբ «տածած հատուկ հարգանքը», իսրայելցիներին մաղթել է «վաստակած խաղաղություն»: «Դրանից հետո երկու առաջնորդներն էլ համաձայնել են երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտության հարցում», - ասված է Իսրայելի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, սփյուռքի հարցերով պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեն, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քվիրիկաշվիլին եւ ներդրումային գործակալության տնօրեն Գեորգի Պերտայան: Հունիսի 25-ին նախատեսված է Իվանիշվիլիի հանդիպումը իսրայելցի իր գործընկեր Բինյամին Նեթանյահուի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիս 24-ին երկօրյա այցով ժամանել էր Իսրայել` հարաբերությունների վերականգնման համար: Երկկողմ հարաբերություններում ճգնաժամն սկսվել էր 2010թ., երբ Վրաստանում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել էին իսրայելցի երկու գործարարներ: Նրանք մեկ տարի անց համաներմամբ ազատվել էին:
Վրաստանի վարչապետը մեկնում է Իսրայել` հատուկ հարաբերություններ վերականգնելու




























