Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ  քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացված քննչական եւ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N  զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին, Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ  զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասսնիկի», mail.ru agent եւ Facebook  սոցցանցերում «S. Dr», «Seryan Dervisyan»,  «Tigran Dervisyan» պրոֆիլներով  հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ։ Վերջիններիս նամակագրական կապը  շարունակվել է նաեւ Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս եւս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի  հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից եւ այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն: