Երեւանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երեւանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:

«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգեւի իր էներգետիկայով եւ կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության եւ կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամն ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք»,-նշել է Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաեւ ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Երեւանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռիի եւ Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում:

Նշենք, որ մոտ օրերս դրվելու է Երեւանյան կրկեսի նոր շենքի հիմքը: Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է, որ կրկեսի նոր շենքը շահագործման պետք է հանձնվի 2014 թվականի վերջին: Այն նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ: