Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը:

«Չնայած թուրքական կառավարության լուրջ լոբբինգին, որին աջակցում էին ռազմական կորպորացիները, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը»,- ասված է ԱՀՀ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին, այդ օրը հաղթանակեց ճշմարտությունը, իսկ հնարավոր ցեղասպանությունների նախազգուշացումը շարունակություն ունեցավ:

«Մենք երախտապարտ ենք հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր հանդես եկան բանաձեւի օգտին, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Քիրկը եւ Ֆրենկ Փալոունը»,- հայտարարել է Արդունին:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ԱՄՆ հայ համայնքը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին, որ Ամերիկայի հայերը միահամուռ են իրենց կոչի մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: «Կողմ» քվեարկեցին 23 կոնգրեսականներ, «դեմ»՝ 22: