Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պնդում է, որ իր անունը Կիպրոսում ընկերության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իր իմացության: Նա այդ մասին նշել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Այս պատմության հետ ես պարզապես որեւէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, եւ հետեւաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաեւ իմ տեսակետը, առավել եւս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որեւէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում: Այսպիսի պատմություն կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Ինչ վերաբերվում է տարածված տեղեկություններին, թե, իբր, մասնակցել եմ ադամանդագործության զարգացման ծրագրին առնչվող կառավարական ինչ-որ հանդիպման, ասեմ, որ դա բացարձակ սուտ է»,-ասել է նա:

Անդրադառնալով գործարար Աշոտ Սուքիասյանի հետ իր բարեկամական կապերին եւ նրա հետ շփումներին, ով այսօր հետախուզման մեջ է գտնվում, Կճոյանն ասել է, որ ներկայումս կապ չի պահպանում նրա հետ:  «Եթե անգամ ես շփվեի Սուքիասյանի հետ, ի՞նչ եղանակով լրագրողները պետք է տեղյակ լինեին դրա մասին: Կամ, եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, միթե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով»,-ասել է Կճոյանը:

«Վերադառնալով Աշոտ Սուքիասյանին՝ ասեմ, որ նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, եւ այդ շրջանակներում ես նրա հետ, իրոք, բավականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին եւ կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաեւ Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռեւս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ: Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով»:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք խոսակցություններին, որ Աշոտ Սուքիասյանը ձեզ «Բենթլի» է նվիրել, արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է. «Նախեւառաջ, հարկ եմ համարում եւս մեկ անգամ նշել, որ տարիներ առաջ ինձ նվիրված «Բենթլի»-ով չեմ երթեւեկում՝ առավել նախընտրելով օգտվել ծառայողական ավտոմեքենայից: Առհասարակ 14 տարի ավտոմեքենա չեմ վարել, եւ այդ «Բենթլի»-ին վերաբերվում էի զուտ որպես նվեր. ավտոմեքենան չէ այն երեւույթը, որը կարող է ինձ համար արժեք ներկայացնել: Այո, Աշոտ Սուքիասյանը ժամանակին ունեցել է «Բենթլի» ավտոմեքենա, սակայն բոլորովին այլ մոդելի, որը որեւէ առնչություն չունի ինձ պատկանող ավտոմեքենայի հետ»:

Անդրադառնալով հոգեւորականի կերպարին, նա ասել է, որ իր համար հոգեւորականի եւ հայ մարդու կատարելատիպը սուրբ Մեսրոպ Մաշտոցն է: «Գտնում եմ, որ հոգեւորականների դասը չի կարելի ամբողջապես անջատել ժողովրդից: Հոգեւորականներն էլ մարդիկ են, որոնք սխալներ են գործում»,-նշել է նա ու հավելել. «Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին, պետք է նշեմ, որ, չհաշված չափազանց հազվադեպ բացառությունները, այդ մարդիկ ինձ հետ կենդանի հաղորդակցության մեջ երբեւէ չեն գտնվել եւ, որպես կանոն, առնչություն չունեն թեմի առաքելության եւ գործունեության հետ: Դրա հետեւանքն է մարդկանց մոտ իմ մասին դեղին մամուլի միջոցով մատուցված խեղաթյուրված պատկերացումը:

Այս երեւույթները դաս են բոլորի համար` թե՛ կեղծ տրամադրություններ ստեղծողների, թե՛ դրանք առանց քննության ու վերապահության ընդունողների, թե՛ կշռադատված մարդկանց եւ թե՛ ինձ համար. հույս դնելով մեր հայրենակիցների ողջախոհության վրա` չեմ կարեւորել զրպարտչական տեղեկություններին արձագանքելը: Բայց արի ու տես, որ ապատեղեկատվության զոհ են դառնում նաեւ միամիտ եւ ազնիվ մարդիկ: Նրանց պետք է օգնել դուրս գալ այդ շփոթից, եւ ես դա կանեմ»: