Երեկ՝ մարտի 4-ին, ԱՄՆ Կոնգրսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Բարաք Օբամայի եւ Անկարայի ճնշումներին, 20-րդ դարում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի սպանությունները ցեղասպանություն որակող բանաձեւ է ընդունել, գրում է Le Monde ֆրանսիական թերթը։
Ինչպես գրում է թերթը, Հայաստանի իշխանությունները ողջունել են բանաձեւի ընդունումը, այն դեպքում, երբ Անկարան Վաշինգտոնից հետ է կանչել իր դեսպանին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր անհանգստությունն է հայտնել՝ Անկարայի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Հայաստանի հետ հաշտեցման վրա այդ որոշման ունենալիք հետեւանքների առնչությամբ։
«Բանաձեւը, որում բացահայտ կերպով խոսվում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության մասին, ընդունվել է 23 կողմ եւ 22 դեմ հարաբերակցությամբ։ Օրենքի ուժ չունեցող այս փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ նախագահին „1.5 մլն հայերի ոչնչացումը որակել իբրեւ ցեղասպանություն եւ արտասանել այդ տերմինը“։ Անցած տարի ապրիլին Օբաման զերծ մնաց այդ տերմինի օգտագործումից եւ նախընտրեց օգտագործել „գազանություն“ տերմինը», գրում է հոդվածի հեղինակը։
Ցանկանալով հեռու մնալ Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամից՝ ԱՄՆ վերջին ժամերին կրկնապատկել է իր ուժերը, որպեսզի համոզի Կոնգրեսին՝ չընդունել այդ բանաձեւը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը զանգահարել է կոմիտեի նախագահին եւ ասել նրան, որ բանաձեւի ընդունումը կարող է վնասել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություների կարգավորմանը։ Բարաք Օբաման նույն օրը զանգահարել է իր թուրք գործընկերոջը, որպեսզի խնդրի նրան շուտափույթ կերպով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ «Թուրքիան խոստովանում է հայ քրիստոնյաների կոտորածները, սակայն հերքում է, որ սպանվել է 1.5 միլիոնից ավել հայ, եւ որ խոսքը ցեղասպանության մասին է, տերմին, որն օգտագործվում է արեւմտյան շատ պատմաբանների եւ խորհրդարանների կողմից»,- նշում է ֆրանսիական թերթը։



























